BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
29.07.2011 | 00:00

ՎԱՐԴԱՎԱՌ-ՀՈՒԼԻՍԻ 31


«Սրբազան Անտոնիին ունկնդրում են ամբոխները. սակայն նրա համար ամբոխը երբեք չի վերածվում անդեմ զանգվածի. յուրաքանչյուր մարդ, ով էլ լինի, կրում է իր մեջ Աստծո պատկերը, և յուրաքանչյուր մարդու մեջ միտրոպոլիտ Անտոնին ձգտում է արթնացնել այդ պատկերի գիտակցումը»։

Նիկոլայ ԼՈՍՍԿԻ
Փարիզ, 1976 թ.

Այսօր որոշել ենք, որպես տոնական նվեր, Ձեր ուշադրությանը ներկայացնել Անտոնի Սուրոժսկու երեք քարոզը այս տոնի առթիվ, որոնք արտասանվել են 1973 թ. օգոստոսի 19-ին, 1981 թ. օգոստոսի 23-ին և 1990 թ. օգոստոսի 19-ին։
Պայծառակերպության տոնը մեզ բացահայտում է Աստծո ստեղծած էակի փառքը։ Ոչ միայն Քրիստոսն այդ օրն Իր աշակերտների առջև հայտնվեց Հոր Փառքով` Իր Աստվածային փառքով։ Ավետարանը մեզ ասում է, որ Աստվածային լույսը հոսում էր Նրա ֆիզիկական մարմնից և այն ծածկող զգեստից` հեղեղելով այն ամենը, ինչը շրջապատում էր Քրիստոսին։
Այստեղ մենք տեսնում ենք այն, ինչը թաքուն արդեն բացահայտվել էր մեզ Քրիստոսի Մարմնավորմամբ։ Մենք չենք կարող առանց տարակուսանքի մտածել Մարմնավորման մասին. ինչպես հնարավոր եղավ, որ մարդկային մարմինը` այս աշխարհի նյութը Քրիստոսի մարմնի մեջ կուտակված, կարողացավ ոչ միայն լինել Կենդանի Աստծո` բնակվելու տեղը, ինչպես, օրինակ տաճարը, այլև միանալ Աստվածությանն այնպես, որ նաև այդ մարմինը թափանցեր Աստվածությամբ և նստեր Աստծո և Հոր աջ կողմում հավիտենական փառքով։ Այստեղ ծածուկ կերպով մեր առջև բացվում են ամբողջ վեհությունը և նշանակալիությունը ոչ միայն մարդու, այլև ամբողջ նյութական աշխարհի ու նրա աննկարագրելի հնարավորությունների, ոչ միայն երկրային և ժամանակավոր, այլև հավիտենական` Աստվածային։
Եվ Տիրոջ Պայծառակերպության օրն ենք մենք տեսնում, թե ինչպիսի լույսով է կոչված փայլելու այս մեր նյութական աշխարհը, ինչպիսի փառքով է նա կոչված շողալու Աստծո արքայության մեջ, Տիրոջ հավիտենականության մեջ։ ՈՒ եթե մենք ուշադիր, լրջորեն ենք ընդունում այն, ինչը բացվում է այստեղ մեր առջև, ապա պետք է խորապես փոխենք մեր վերաբերմունքն ամեն տեսանելիի և շոշափելիի նկատմամբ, ոչ միայն մարդկության, մարդու, այլև այն ամենի նկատմամբ, ինչը մարմնապես նկատելի է, շոշափելի և տեսանելի մեր շրջապատում։ Ամեն ինչ կոչված է դառնալու Տիրոջ շնորհի բնակվելու տեղ։
Եվ մեզ` մարդկանց տրված է ոչ միայն իմանալ դա, այլև լինել Աստծո գործակիցներ այն արարածի սրբացման մեջ, որին ստեղծեց Տերը... Մենք կատարում ենք պտուղների, ջրերի, հացի սրբագործումը, մենք կատարում ենք մեծ խորհուրդը հացի և գինու, որոնք գոյափոխվում են Տիրոջ Մարմնի և Արյան, և դա Պայծառակերպության ու Աստվածհայտնության հրաշքի սկիզբն է. մարդկային հավատով զատվում է այս աշխարհի նյութը, որը մարդկային անհավատության և դավաճանության պատճառով մատնված է փտման, մահվան և կործանման։ Մեր հավատով այն բաժանվում է այդ փտումից և մահից, տրվում է Աստծուն որպես սեփականություն, և ընդունվում է Աստծու կողմից և Աստծու մեջ, և արդեն այդժամ` սաղմնային վիճակում, հիրավի դառնում է նոր արարած։
Սակայն դա պետք է տարածվի տաճարի սահմաններից հեռու` ամբողջն առանց մնացորդի։ Այն, ինչը ենթակա է մարդուն, կարող է սրբագործվել իր կողմից, ամեն, ինչ կարող է դառնալ Աստծո Արքայության մասնիկ, եթե այդ Արքայությունը լինի մեր մեջ և Քրիստոսի ճառագայթման պես տարածվի ամենուր։ Մտածենք այդ մասին։ Մենք կոչված չենք բնությունը ստրկացնելու, մենք կոչված ենք ազատելու այն քայքայման, մահվան և մեղքի գերությունից, ազատագրելու և վերադարձնելու Աստծո Արքայության ներդաշնակության մեջ։ Դրա համար ակնածանքով վերաբերվենք ամբողջ այդ տեսանելի, նյութական աշխարհին և ծառայենք այնտեղ, որպես Քրիստոսի զինակից, որպեսզի աշխարհը հասնի սեփական փառքին, և մեր միջոցով բոլոր կենդանի արարածները մտնեն Տիրոջ ուրախության արքայությունը։ Ամե՛ն։
Հոգևոր կյանքում, և նույնիսկ մարդկային կյանքի ամենապարզ պահերին, լինում են վայրկյաններ, որոնք այնքան հրաշալի են, որ կուզենայինք, որ ժամանակը, կյանքը, հավերժությունը կանգ առնեին, ու երբեք էլ ոչինչ չկատարվեր։ Դա կատարվեց առաքյալների հետ, որոնց Քրիստոսը տարավ Իր հետ Պայծառակերպության լեռը, և դա արտահայտեց Պետրոսը, երբ ասաց. «Տե՛ր։ Այստեղ այնքան լավ է։ Շինենք երեք տաղավար. մեկը` Քեզ համար, մեկը` Մովսեսի, մեկն էլ` Եղիայի, և մնանք այստեղ, լուսավորված այս աննյութական Աստվածային լույսով, պարուրված այս խորհրդավոր անդորրով»։ Ո՛չ Պետրոսը, ո՛չ էլ մյուս առաքյալները չնկատեցին այն, ինչը հետո հենց իրենք պատմեցին ուրիշներին, որ Քրիստոսը պայծառակերպվեց, այսինքն` հայտնվեց հավիտենական փառքի շողերի մեջ, այն պահին, երբ Մովսեսն ու Եղիան զրուցում էին Իր հետ Նրա` Երուսաղեմ գնալու և խաչելության մասին։
Այստեղ, ինչպես և Նոր կտակարանի շատ տեղերում, մենք տեսնում ենք, որ, ինչպես և մենք, առաքյալներն ընդունակ են ըմբռնելու լուսավորը, հրաշալին և այնքան հաճախ անցնելու այն բանի կողքով, թե ինչ արժեր դա Քրիստոսի համար։
Սուրբ Սերաֆիմ Սարովսկին իր այցելուներից մեկի հետ զրուցելիս ասաց. «Խնդրիր Աստծուց Քրիստոսի անունով այն, ինչը հարկավոր է քեզ, բայց հիշիր, թե ինչ գնով է Քրիստոսը ստացել դա քեզ պարգևելու իշխանությունը»։ Դրանով նա ուզում էր ասել. «Մի՛ խնդրիր ոչ մի բան, ինչն անարժան է Աստծու սիրուն, մահվանը, Քրիստոսի խաչելությանը»։
Ինչպես և առաքյալները, մեր կյանքի լուսավոր պահերին մենք կուզեինք, որ ժամանակը կանգնի, ու մենք հավիտյան մնանք ինքնամոռացության մեջ, հավիտյան մոռանանք, որ մեր և ուրիշ մարդկանց կյանքում երբեմն կատարվում է սարսափելին. մենակություն, հիվանդություն, վախ, ամեն տեսակի սարսափներ։ Այնքան կցանկանայինք մտնել պայծառակերպված աշխարհի հրաշալի անդորրը, ինչը բոլորս ակնկալում ենք, բայց որը դեռ չի հայտնվել, չի դարձել իրականություն։ Դրան մենք պետք է հավատանք, ինչը երբեմն մենք հնարավորություն ունենք վերապրելու մեծ, մեզ վերափոխող խորությամբ։ Սակայն մենք պետք է հիշենք, որ այդ զգացումը մեզ տրված է, որպեսզի մեր մութ, վշտալի, սառն աշխարհը բերվի Պայծառակերպության ճառագայթումը։
Երբ Մովսեսը Սինայ լեռան վրա կանգնած էր Աստծո առաջ, Աստծո փառքով ողողված, նա այնպես էր հաղորդակից դարձել նրան, որ, երբ իջավ այնտեղից, մարդիկ չկարողացան դիմանալ նրա դեմքի շողարձակմանը։ Ահա ինչպիսին պետք է դառնանք, երբ վերապրենք երկրային կամ երկնային հրաշքը, պայծառակերպության հրաշքը։ Եվ այն, ինչը պատահեց առաքյալներին, Մովսեսին, պետք է պատահի և մեզ. ո՛չ Մովսեսը մնաց Սինայ լեռան վրա, ո՛չ էլ առաքյալներին տրվեց մնալ Պայծառակերպության հրաշալի լեռան վրա. Քրիստոսն ասաց նրանց. «Գնանք այստեղից»։
Եվ գնացին նրանք դեպի հովիտ` պաղեստինյան հարթավայր, տեսան այնտեղ հոր անմխիթար վիշտը` երեխայի անբուժելի հիվանդության պատճառով, և գուցե ավելի սարսափելին. նույնիսկ Քրիստոսի աշակերտները, որոնց դիմել էր Մանուկի հայրը, ոչնչով չկարողացան օգնել։ Օգնեց միայն Քրիստոսը։ Երբ նա բժշկեց երեխային, աշակերտները հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք դա անել»։ Նա պատասխանեց. «Դա հնարավոր է անել միայն աղոթքով ու ծոմով»։
Եվ ահա մեզ երբեմն տրվում են փոխակերպված աշխարհի այդ ապրումը, ինչ-որ հրաշալի, աստվածային բանի զգացումը։ Եվ, ապրելով դա, մենք պետք է պահպանենք այն որպես ամենաթանկագին մի բան ու մտնենք աշխարհ, որ կիսենք այն ուրիշների հետ։ Սակայն մենք կարող ենք կիսել այն ուրիշների հետ, եթե ստանձնենք ծոմի և աղոթքի սխրանքը` ոչ միայն նյութական, ֆիզիկական պահքի, այլև ինքնազսպումով ամեն ինչի նկատմամբ, ինչի կենտրոնում մենք ենք` հեռու ամեն տեսակի եսամոլությունից, ագահությունից, տիրելու որևէ ցանկությունից։ Դա մենք կարող ենք իրագործել, եթե աղոթենք, սակայն ոչ միայն արտասանելով աղոթքի բառերը, ոչ միայն ստիպելով մեզ մտնել սրբերի մտքի և հոգու մեջ, այլև ամբողջ ուժով ձգտելով, որ պղտոր, մութ, որբացած աշխարհում մնանք կենդանի Աստծո հետ հաղորդակցության մեջ, Ով և՛ լույս է, և՛ ուրախություն, և՛ կյանք...
Խորհենք Պայծառակերպության, վերափոխված աշխարհի մեր վերապրումի մասին, այն պահերին, երբ ամեն ինչ մեր ներսում ու մեր շուրջը ողողված է հիրավի աստվածային լույսով. և այդ լույսով գնանք յուրաքանչյուր մարդու մոտ, կյանքի բոլոր հանգամանքների մեջ, և բերենք այնտեղ Քրիստոսի լույսը։
Ամե՛ն։
Լինում է, որ մարդը, ում մենք ճանաչել ենք մոտիկից, ով մեզ ծանոթ է թվացել ամբողջ խորությամբ, անսպասելիորեն ներկայանում է մեզ այնպիսին, ինչպիսին նրան երբեք չէինք տեսել, երբեք չէինք իմացել։ Այդպես լինում է, երբ մեր խորքերին դիպչում է սիրո հայտնությունը, երբ մենք նոր հայացքով ենք տեսնում մարդուն, ինչպես տեսնում է Աստված` փառքի մեջ, այսինքն` նրա խորքերից շողացող Աստծո պատկերը, որը սովորաբար մեզնից թաքնված է մեր կուրության ու անկատարության պատճառով։
Սակայն լինում է, որ մենք տեսնում ենք մարդուն նորովի, երբ հենց նրան է դիպչում ուրախության այնպիսի խորություն կամ այնպիսի վիշտ, որ նրա հոգու ընդերքից սկսում է ճառագել լույսը։ Լինում է, որ ուրախությունը վերափոխում է մարդուն, սակայն լինում է նաև, որ ցավի, վշտի ծայրահեղ սարսափը թափանցում է մինչև մարդու ընդերքը, և այնտեղից սկսում է լույս ճառագել, երբ այդ վիշտը, այդ ցավը չեն միանում ո՛չ դառնության, ո՛չ ոխակալության հետ, այլ մնում են անարատ, որպես մարդկային խաչելություն և սարսափ։
Այս պատկերներից մենք կարող ենք հասկանալ, թե ինչ կատարվեց այն լեռան վրա, որտեղ Քրիստոսը կանգնած էր Մովսեսի ու Եղիայի միջև. նրանցից մեկը ներկայացնում էր օրենքը, մյուսը` բոլոր մարգարեներին, և Նա զրուցում էր նրանց հետ այն բանի մասին, ինչը պիտի կատարվեր, այն մասին, որ հիմա Նա գնում է մեռնելու` խաչվելու Աստվածային սիրուց` հանուն աշխարհի փրկության։ Այդ պահին Աստվածային լույսը համակեց Նրա ողջ բնությունը, որը տրվում էր Կենդանի Աստծուն, որպես զոհաբերություն։
Եվ Նրա աշակերտներն այդ ժամանակ տեսան, թե Ով է նա` Աստծո Գառնուկը, որը խաչվել էր հանուն աշխարհի փրկության դեռևս մինչև նրա ստեղծումը։ Այդ բանն ըմբռնելու համար նրանց հարկավոր էր ինչ-որ չափով հաղորդակից լինել այն բանին, ինչը կատարվում էր։ Եկեղեցու ավանդությունն ասում է, որ այդ երեք աշակերտներից մեկը ներկայացնում է հավատը, մյուսը` սերը, երրորդը` արդարությունը։ Եվ ահա իրենց բնության խորքերից նրանք ընկալեցին ինչ-որ բան կատարվելիքի մասին, տեսան լույսը, որը հոսում էր Քրիստոսից ամբողջ շրջապատի վրա, առաջացնելով ամեն ինչի մեջ պատասխան կյանք և արձագանք։ ՈՒ նրանք մտան Աստծո փառքի մեջ, նույն այն ամպի մեջ, որը համակել էր Սինայ լեռը, երբ Աստված խոսում էր Մովսեսի հետ, ինչպես Իր բարեկամի, և այնքան լավ էր դա, որ ուրիշ ոչինչ պետք չէր, բացի միշտ Տիրոջ փառքի առջև լինելուց։
Սակայն աշակերտները չըմբռնեցին պատճառը, նրանք չըմբռնեցին, որ նրանց առաջ այդպես բացվեց Աստծո փառքը միայն այն պատճառով, որ իրենց ՈՒսուցիչը, Տերը, Բարեկամը գնում էր դեպի մահ։ Նրանք ցանկանում էին մնալ այդ ուրախության մեջ, երբեք չբաժանվել պայծառակերպված Քրիստոսից, բայց հենց այդ բաժանման պատճառով էլ եկել էին Մովսեսն ու Եղիան` զրուցելով դրա մասին Փրկչի հետ։ Իսկ երբ աշակերտները կամեցան մնալ, Քրիստոսը նրանց պատասխանեց. «Ո՛չ», և տարավ նրանց դեպի հովիտ, Թաբորի փառքի բարձունքներից երկրային կարիքի, երկրային ողբերգության սարսափի մեջ։ Նրանք այնտեղ հանդիպեցին հորը, ով հուսահատ էր. նրանք գտան այնտեղ Փրկչի մյուս աշակերտներին, որոնք ոչինչ չէին կարողացել անել։
Թաբորը, փառքը անքակտելիորեն կապված են վերադարձի հետ դեպի մթություն և խաչելություն, մահվան և Քրիստոսի իջնելու հետ դեպի դժոխք։ Եվ միայն այն բանից հետո, երբ ամեն ինչ կկատարվի, հարություն կառնի մեր Տերն արդեն անբաժան փառքով։
ՈՒրեմն հասկանանք, որ եթե մեզ տրված է ընկալել մարդուն կամ Կենդանի Աստծուն այս փառքի մեջ, դա վկայում է, որ եկել է և մեր ժամանակը, զննելով Թաբորի խորհուրդը, մտնելու ողբերգական աշխարհ, բերելու մթության մեջ շողացող այն լույսը, որին մթությունն անզոր է խոչընդոտելու։ Դա մեր կոչումն է, ինչպես կոչումն էր աշակերտների, և ինչպես առաքելությունն էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի։
Ամե՛ն։

Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ